AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Սյուզաննա Եփրեմյանն է:

 

 

Սյուզաննա, ինչպես որոշեցիք ընդունվել ԵՊԲՀ  ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Ըստ Ձեզ բժշկությունը կոչում է, թե՞, այնուամենայնիվ, մասնագիտություն:

 

Մասնագիտության ընտրությունը իրականում շատ հեշտ է կայացվել։ Ես ինձ ուրիշ բնագավառում չէի պատկերացնում: Փոքր ժամանակ սիրում էի հավաքել ընտանիքիս անդամներին ու «բժիշկ-բժիշկ» խաղալ։ Միշտ եղել է ձգտում դեպի բժշկությունը։ Եվ երբ եկավ ժամանակը, առանց երկար-բարակ մտածելու դիմեցի ԵՊԲՀ։ Միանշանակ՝ բժշկությունը կոչում է: Ես երկար եմ մտածել այդ մասին։ Լինելով այս ոլոտում ՝ տեսնելով անքուն գիշերներ անցկացնող, յուրաքանչյուր հիվանդի ցավով ապրող գործի նվիրյալներին, հասկանում ես, որ այստեղ չեն կարող լինել պատահական մարդիկ։ Իմ սիրելի դասախոսներից մեկն ասում էր՝ բժշկի «անհանգիստ սիրտը» ամեն մեկին չի տրվում:

 

Արհեստավարժ և մրցունակ բժիշկն ի՞նչ առաջնահերթ որակների ու հատկանիշների պետք է տիրապետի:

 

Դե իհարկե համապատասխան որակավորումից ու գիտելիքից բացի բժշկի համար առանցքային են մարդկային որակները։ Այս ամենից զատ, ժամանակակից բժշկը պետք է տիրապետի միջանձնային հարաբերությունների նրբություններին ու լինի մաքսիմալ նրբանկատ:

 

Բժշկական համալսարանի բոլո՞ր շրջանավարտներն են հետագայում իրենց մասնագիտությամբ աշխատում: Կա՞ն դիպլոմավորված բժիշկներ, ովքեր այլ ոլորտներում են աշխատում: Եթե այո, որո՞նք են այդ ոլորտները:

 

Ցավոք ուսման երկար ու դժվարին տարիներից հետո ոչ բոլորին է հաջողվում համապատասխան աշխատանք գտնել: Ոմանք էլ ուղղակի հասկանում են , որ դա այսպես ասած՝ իրենցը չէ։ Իսկ, թե ուրիշ ինչ ոլորտում կարող են աշխատել, կախված է անհատից։ Օրինակ վերջերս շատ եմ հանդիպում դիպլոմավորված բժիշկների, ովքեր առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի մասին բլոգներ են վարում, հետագայում վերածում են դա բիզնեսի ու բավական մեծ հաջողությունների հասնում։

 

Այնուամենայնիվ, բժշկին ավելի շատ տեսակա՞ն, թե գործնական գիտելիքներն են «օգնության ձեռք» մեկնում՝ մասնագիտական գործունեությունը ծավալելիս:

 

Իմ համար երկուսն էլ հավասարապես կարևոր են։ Առանց տեսականի՝ գործնական հմտությունների յուրացումն անկասկած ավելի դժվար է, իսկ ստացած գիտելիքներն էլ մակերեսային են լինելու։ Միևնույն ժամանակ գիտելիքն առանց գործի, առանց կիրառման ոչինչ է։

 

Ըստ Ձեզ ինչու՞ է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում ուսումնական գործընթացի ժամկետն այդքան «երկար»: Փաստորեն, 6 տարվա կրթությունը դեռ բավարար չէ լիցենզավորված բժիշկ լինելու համար: Այս տեսանկյունից օրդինատուրա դիմելն անխուսափելի է դառնում: «Այդ տարիներն» արդարացնու՞մ են ապագա բժշկի սպասելիքները:

 

Շատերին այդքան երկար սովորելը կարող է անհեթեթ թվալ։ Ինչ խոսք, մոտ 10 տարի սովորելը վախենալու է հնչում։ Ինքս էլ սկզբում այդպես էի մտածում: Սակայն ընթացքում հասկացա, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Օրդինատուրան անհրաժեշտ է նեղ մասնագիտության գծով խոր գիտելիքների ձեռքբերման համար: Նախորդող 6 տարիների ընթացքում մենք ուսոմնասիրում ենք մարդու օրգանիզմը ամբողջովին: Օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է: Հետևաբար առանձին օրգանի պաթոլոգիան ախտորոշելուց կամ բուժելուց բժիշկը պետք է լավ ճանաչի ամբողջ օրգանիզմը՝ հասկանալու համար, թե խնդիրը որտեղից է գալիս։

 

ԵՊԲՀ-ում մասնագիտական գրականության հետ կապված խնդիրների հանդիպու՞մ եք: Որո՞նք են այն աղբյուրները, որոնցից որ հիմնականում օգտվում է ապագա բժիշկը:

 

Որոշ ամբիոններում առնչվել եմ նման խնդրի հետ։ Հիմնականում մեզ տրամադրվող գրականությունը բավարարում է բազային գիտելիքների ապահովման համար: Սակայն բժշկությունը նույն տեղում չի կանգնում, իսկ մենք ժամանակակից բժշկությանը համընթաց քայլելու համար պետք է օգտվենք արտասահմանյան գրականութունից, հետևենք նոր գիտական հետազոտություններին ու հոդվածներին։

 

ԵՊԲՀ-ում ուսանելու շրջանում Ձեզ համար հատկապես ամենաբարդ առարկաները որո՞նք են եղել, որոնցից քննություն հանձնելն իսկապես բարդ է եղել:

 

Ինձ համեմատաբար դժվար են տրվել այն առարկաները, որտեղ քիչ բան կա տրամաբանելու և շատ բան՝ հիշելու։ Սարսափով եմ հիշում այն օրերը, երբ պատրաստվում էի միկրոբիոլոգիայի քննությանը և պետք է անգիր սովորեի յուրաքանչյուր մանրէի կառուցվածքը, կենսաքիմիական ակտիվությունը, առաջացրած հիվանդությունների պաթոգենեզը և այլն։

 

ԵՊԲՀ շրջանավարտը տիրապետու՞մ է արդյոք համապատասխան հմտությունների՝ արտերկրում իր մասնագիտական գործունեությունը ծավալելու համար:

 

ԵՊԲՀ դիպլոմը ճանաչվում է Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում: Ինքս ճանաչում եմ շատ ԵՊԲՀ շրջանավարտների, ովքեր հաջող մասնագիտական գործունեություն են ծավալում Եվրոպայում՝ աշխատելով առաջատար կլինիկաներում։

 

Որ ուղղությամբ եք ուզում մասնագիտանալ. հիմնավորեք պատասխանը:

 

Համալսարան ընդունվելիս գաղափար անգամ չունեի, թե որ ուղղությամբ եմ մասնագիտանալու։ Միայն հաստատ գիտեի, որ երբեք չեմ դառնա գինեկոլոգ կամ մանկաբույժ: Հիմա էլ բժշկության ամեն մի ճյուղ ինձ յուրովի հետաքրքիր է: Սակայն վերջերս ինձ համար նոր տեսանկյունից բացահայտեցի ակնաբուժութունը: Այն ունի բազմաթիվ ուղղություններ, որոնցում աճելու և կատարելագործվելու տեղ կա։ Բացի դրանից ակնաբուժութունը ինձ համար բժշկության ամենաէսթետիկ ճյուղերից մեկն է։

 

Գործնական պարապունքների (պրակտիկայի) ընթացքում եղե՞լ է դեպք, որ վախեցել եք ու զղջացել, որ բժշկի մասնագիտությունն եք ընտրել:

 

Պրակտիկայի ընթացքում երբեք այդպիսի պահ չի եղել, որ զղջամ, վախենամ կամ հիասթափվեմ։ Ընհակառակը, օր օրի ավելի եմ համոզվում, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Աշխատում եմ հնարավորինս շատ բան քաղել գործնական պարապմունքներից։

 

Օլյա Շահինյան

15772