Այսօր՝ հունիսի 22-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ Հարությունյանը հանդես  է եկել ուղերձով:

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչև  ելույթը սկսելը նախագահը բոլորին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար նահատակված  հերոսների հիշատակը:

 

Արայիկ Հարությունյանը  խոսել է բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

 

Նախօրեին հրապարակում հավաքված քաղաքացիների՝ նախագահի հրաժարականի կոչերին ի պատասխան՝ նա իր ելույթում ասաց.

 

«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից: Կամ թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս, կամ կառչած եմ աթոռից: Ամենևին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»:

Արայիկ Հարությունյանը իր խոսքում նշել է, որ պատրաստ է բոլորի հետ երկխոսության:

«Թող արտահայտեն իրենց կարծիքը, պատրաստ եմ լսել և՛ հրապարակայնորեն, և՛ առանձին, պատրաստ եմ լսել նրանց, ովքեր այստեղ տարբեր վանկարկումներ են անում, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին», - շեշտեց նա:

Ա. Հարությունյանը  մի քանի ընդգծում կատարեց ՀՀ և ԱՀ հարաբերությունների մասին:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել եմ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, այլև հանդիպումներ եմ ունեցել այլ քաղաքական ուժերի ղեկավարներ  Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ: Ընդ որում՝ ես պահպանել եմ չեզոքություն: Պարզապես միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել», - իր խոսքում ասաց նա:

Նախագահը ներողություն  հայցեց Արցախի ժողովրդից իր կողմից թույլ տված սխալների ու բացթողումների համար:

Նաև  շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր պատերազմի ընթացքում անգամ ամենափոքր ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

«Շնորհակալ ենք և խոնարհվում ենք մեր բոլոր նահատակների ու նրանց հարազատների առջև: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում  ՌԴ նախագահին, խաղաղապահ ուժերին՝ ղեկավար Մուրադովի գլխավորությամբ, որոնք այսօր պահպանում են մեր անդորրը», - առանձնանշեց Արայիկ Հարությունյանը

Իսկ ելույթի ավարտից հետո երկրի ղեկավարի առաջարկով  հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին  դեպի եղբայրական գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու մեր բոլոր զոհվածների հիշատակին:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել  հանրահավաք՝ Նախագահի հրաժարականի պահանջով , որը  շարունակվեց նաև այսօր:

 

850