Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 2021 թվականի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2020 թվականի տարեկան հայտարարագիրը:

Ըստ դրա՝ Փարամազյանը տարեսկզբում միանձնյա սեփականության իրավունքով 1 հասարակական նշանակության շինություն եւ 1 բնակարան է ունեցել Քաջարանում, որը տարեվերջում պահպանվել է: Նա տարեսկզբում ունեցել է 2019 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը պահպանվել է: Քաջարանի համայնքապետը 100 տոկոս բաժնետոմս ունի «Մալիլու» ՍՊԸ-ում:

2020-ի տարեսկզբում նրա բանկային հաշիվներին եղել է ընդհանուր առմամբ 10 մլն 371 հազար 855 դրամ, որը տարեվերջում դարձել է 96 եվրո եւ 14 մլն 199 հազար 32 դրամ:

Նրա կանխիկ միջոցները տարեսկզբում եղել է 100 հազար դրամ, իսկ տարեվերջում՝ 400 հազար դրամ:

2020 թվականին Փարամազյանը 2 աղբյուրից եկամուտ է ստացել: 3 մլն 715 հազար 413 դրամ աշխատավարձ է ստացել Քաջարանի համայնքապետարանից եւ 24 մլն դրամ վարձակալության դիմաց վճար է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից:

Փարամազյանի կինը՝ Լիլիթ Դավթյանը, տարեսկզբում ունեցել է 4 անշարժ գույք, որը տարեվերջում պահպանվել է: Մասնավորապես միանձնյա սեփականության իրավունքով՝ 2 շինություն եւ 1 ավտոտնակ Քաջարանում, ինչպես նաեւ բաժնային սեփականության իրավունքով 1 անհատական բնակելի տուն Լեռնաձորում:

Դավթյանը 2020 թվականին «KIA SPORTAGE 2.4 L» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել 3 մլն դրամով, որը տարեվերջում պահպանվել է: Տարեսկզբում նա բանկում ավանդ չի ունեցել, սակայն 2020-ի վերջում ունեցել է 93 հազար 150 դոլար ավանդ: Դավթյանի բանկային հաշիվներին տարեսկզբում ընդհանուր առմամբ եղել է 20 մլն 66 հազար 424 դրամ, որը տարեվերջում դարձել է 9 մլն 880 հազար 862 դրամ: Նրա կանխիկ միջոցները 1 մլն դրամից տարեվերջում դարձել են 1 մլն 700 հազար դրամ:

2020 թվականին Քաջարանի համայնքապետի կինը 2 մլն 469 հազար 466 դրամ աշխատավարձ է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: Բացի այդ, նա անհայտ աղբյուրից 402 մլն 500 հազար դրամ է ստացել՝ որպես այլ եկամուտ:

2077