Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ծանոթացել վերակառուցված և վերազինված պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պայմաններին և մատուցվող ծառայություններին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվության ծառայությունից։

Անահիտ Ավանեսյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ, շրջել է պոլիկլինիկայում, հետաքրքրվել առողջության առաջնային պահպանման օղակի հիմնական և նեղ մասնագիտական ծառայություններին, այդ թվում` երեխաների համար հարմարեցված մանկաբուժական կաբինետ, ինչպես նաև զրուցել պոլիկլինիկա այցելած քաղաքացիների հետ: 

Ավելի քան 35 հազար բնակչություն սպասարկող «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում իրականացվում են նաև առողջապահության նախարարության կողմից ներդրված պետական սքրինինգային մի շարք ծրագրեր:

Նախարարը դրական է գնահատել հիմնանորոգված պոլիկլինիկայի ծառայությունների մատուցման արդիականացումը` COVID-19-ի դեմ պայքարի համատեսքստում, մասնավորապես` բարելավված աշխատանքային պայմանները, ինչպես նաև  վարակի տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար թեստավորվող պացիենտների համար կառուցված հատուկ մեկուսարանը` առանձին մուտքով և ելքով:

Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ առողջապահության նախարարության և մասնավոր հատվածի հետ գործակցությունը շարունակական է լինելու`առողջապահական նոր ծրագրեր կյանքի կոչելու հարցում:

291