
Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Այս մասին ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև պատմական կապերի առնչությամբ՝ կցանկանայի առավել խորացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, թվայնացումը, մշակույթը և այլն», ֊ գրված է Ճապոնիայի նախարարի ուղրեձում։
Նա նշել է, որ հաջորդ տարի կլրանա Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ճապոնիայում հույս են հայտնում, որ ապագայում երկրների երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա։