Այսօր ՀԱՊԿ քարտուղարությունում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի փոխնախարարների խորհրդակցություն։

Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
 

Միջոցառման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 15-16-ը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման հարցերը։ Համաձայնեցվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին տեղեկացրել է օգոստոսի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում տրված հանձնարարականների իրականացման քայլերի մասին, որոնք վերաբերում են Աֆղանստանում տիրող իրավիճակին:

Խորհրդակցության ավարտին տաջիկական կողմը տեղեկություններ է հաղորդել Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի կազմակերպչական հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում սպասվում են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստեր։ Իսկ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա ՀԱՊԿ գխավոր վեհաժողովը, որի ժամանակ 2022 թվականի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին:

 

831