
Սեպտեմբերի 22-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրիում կպայքարի 10 քաղաքական ուժ` 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Araratnews.am-ը ներկայացնում է մասնակցության հայտ ներկայացրած ուժերի, ինչպես նաև ցուցակների առաջին համարների անունները:
Եվ այսպես` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության առաջին համարը Վարդևան Հակոբյանն է:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրել Արտյոմ Ղուկասյանին:
«Ապրելու երկիր» կուսակցությունը կգլխավորի Կարեն Մալխասյանը:
«Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջին համարը նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն է:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ամենաշատ թեկնածուներն ունի, քաղաքապետի թեկնածու է առաջադրել Վարդգես Սամսոնյանին:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նույնպես կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության ցուցակը կգլխավորի Կոնստանտին Ղավազյանը:
Դաշինքներից Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել «Գյումրին կռնա» դաշինքը, որը կգլխավորի Վարդան Սրտաշյանը:
«Թասիբով» դաշինքը կգլխավորի Կարապետ Պողոսյանը, որը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Շիրակի տարածքային գրասենյակի նախկին համակարգողն էր:
«Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Գյումրու ավագանու անդամ, անկուսակցական, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ հիմնադիր Լևոն Բարսեղյանն է։
Դե ինչ` սեպտեմբերի 22-ին պարզ կդառնա` ով կդառնա Գյումրու նոր քաղաքապետը և որ կուսակցությունը կամ դաշինքը կձևավորի ավագանի, որպեսզի լուծի քաղաքի առաջ ծառացած խնդիրները: