Հայաստանի Անկախ Հանրապետությունը 30 տարեկան է:

Պետականության ձեւավորման ու կայացման քարքարոտ ճանապարհով ընթացող մեր անկախ երկիրն այս տարիներին կրեց բազում դժվարություններ, կորցրեց բազում զավակներ, որոնց կյանքի գնով ստեղծված ու արյան գույնով ներկված սյուների վրա հենվում է մեր պետականությունը։

Մեր հարգանքի տուրքն այսօր մատուցեցինք մեր նահատակ եղբայրների հիշատակին, հիշելով ու հիշեցնելով` նրանք են անկախության կերտողն ու պահողը եւ հենց նրանց հիշատակը հավերժացնելու լավագույն ձեւը հզոր ու բարգավաճող երկիր ունենալն է, որտեղ կապրեն նրանց սերունդները։

Խոնարհումի ցերեկույթին ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, զոհերի հարազատները, զինվորականներ, ոստիկաններ, հոգեւորականներ, հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Համայնքապետ Դիանա Գասպարյանը, ի երախտիք մեր քաղաքի զոհված հերոսների, նրանց հարազատներին հանձեց խոնարհման գրեր։

Այսօր նաեւ ոստիկանության գնդապետ, էջմիածինցի Արմեն Վարդանյանի ծննդյան օրն է, որն իր կյանքը տվեց Արցախյան վերջին պատերազմում, Շուշիի պաշտպանական մարտերում։ Նրա կյանքին նվիրված ֆիլմը ցուցադրվեց համայնքապետարանում։

Անկախության կարեւորության գիտակցումը մեր սերունդների մեջ պետք է սերմանել մանկուց, ձեւավորել կիրթ ու բանիմաց, անկախության արժեքն ու ընձեռած հնարավորությունները գիտակցող քաղաքացիներ։

Շնորհավոր տոնդ, անկախ Հայրենիք:

«Վիրավոր սրտով, մի փոքր կորացած մեջքով, բայց անկախ հայրենիքում ապրելու և արարելու անկասելի պատրաստակամությամբ ենք այս տարի նշում ՀՀ անկախության 30-ամյակը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

350