ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է փոխել եկամտային հարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

«Համակարգը ներդրվել է 2014 թվականի նոյեմբերին: Ներդրման փուլում հիմնական հետապնդող նպատակը տնտեսական էր, այսինքն՝ ակնկալվում էր տնտեսության շինարարական հատվածի ակտիվացմամբ գեներացնել հարկման բազաներ, բայց նաև զուգահեռաբար նպաստել բնակարանային ապահովման խնդրի լուծմանը: Այնուհետև որոշվեց համակարգին որոշակի սոցիալական ուղղվածություն հաղորդել: Ըստ այդմ՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները դուրս հանվեցին համակարգից»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նշվեց, որ եթե 2016-2017 թթ. պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին աճը կազմել է 3.3 մլրդ, իսկ 2020-ին՝ 5.4 մլրդ դրամ:

«Նախագծով առաջարկվում է ըստ տարիների և գոտիականության միայն Երևանի վարչական տարածքի սահմաններում աստիճանաբար դադարեցնել եկամտային հարկի վերադարձման համակարգի գործողությունը: մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ եթե հիփոթեքային վարկը ստացվել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, և բնակարանն էլ ձեռք է բերվում առաջին գոտում, ապա համակարգը հաջողությամբ կարող է սպասարկվել, կիրառվել, իսկ այդ ամսաթվից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով, եթե գույքը ձեռք է բերվում առաջին գոտում, այլևս համակարգը չի գործելու ըստ նախագծի: Առաջարկվում է ամրագրել, որ համակարգը չի գործում 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկի մասով, պայմանով, եթե գույքը ձեռք է բերվում երկրորդ գոտում, և 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, եթե գույքը ձեռք է բերվում 3-րդ գոտում: Այնուհետև կես տարի դադար է առաջարկվում ժամանակային առումով, և կանոն, ըստ որի՝ եկամտային հարկի վերադարձը չի կիրառվի այլևս, եթե վարկը ստացվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո»,- ասաց Պողոսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նշվածը վերաբերում է Երևանի տարածքում գույքի ձեռքբերմանը և կառուցմանը, որովհետև նախագծի հիմնական նպատակը քաղաքաշինական կամ կառուցապատման առումով տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է և շինարարությունը դեպի մարզեր ուղղորդելը:

649