ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներին, ընկերության ղեկավարության հետ քննարկել կոմբինատի նոր կառուցվածքը, կոմբինատի արտադրության նոր ծավալները։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:

Ծրագիրն իրականացվել է համակարգված մոտեցման հիման վրա, որը ենթադրում էր ոչ միայն արտադրության արդիականացում, այլև գործարանի աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացում և կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ:

2020 թվականին մշակվեց նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծ: Դրա շրջանակներում արդիականացվել է կոմբինատի հարստացման ֆաբրիկան։

Պոչամբարի հզորությունը մեծացել է նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ ու 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3-րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:

Տեխնիկական նախագծի շրջանակներում շահագործման է հանձնվել հետադարձ ջրամատակարարման համակարգը, ինչը զգալիորեն նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Նոր համակարգը նաև նվազեցրել է ջրի օգտագործումը 30%-ով:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար: 

1346