ՏԻՄ ընտրությունների արդյունքները համեմատաբար երեք խոշոր՝ Գյումրի, Գորիս և Դիլիջան համայնքներում դարձել են տարատեսակ քննարկումների և վերլուծությունների առարկա: Գորիսում ՔՊ-ը հայտնվել է փոքրամասնության դերում, իսկ Դիլիջանում՝ ստացել մեծամասնություն: Առավել հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ անցողիկ շեմը հաղթահարել են 5 ուժ, և առանց կոալիցիայի՝ որևէ մեկը չի կարողանալու ստանձնել քաղաքի կառավարումը: Երեք՝ մեկը մյուսից տարբեր իրավիճակներ մի երկրում, որտեղ տասնամյակներ շարունակ իշխանությունը տառապել է ամենափոքր գյուղի ղեկավարումն անգամ ուրիշին չհանձնելու մոլուցքով: Ընդդիմադիր որոշ շրջանակներ և նրանց հարող անհատ գործիչներ, մեկը մյուսին հերթ չտալով, հայտնում են օրվա իշխանության մոտալուտ վախճանի մասին` հարցը դիտարկելով մեկ համայնքում գրանցված արդյունքի լույսի ներքո, որը կատարյալ բլեֆ է: Հատկանշական է, որ հին ու բարի ավանդույթի համաձայն՝ այս ամենը կրկին ուղեկցվում է ժողովրդին վիրավորելու բառապաշարով: Ամիսներ առաջ գորիսեցուն ու գյումրեցուն «ժեխ» անվանողները հերոսացնում են նրանց, հայտարարելով, որ նրանք մերժել են թուրքին՝ այս անգամ էլ անուղղակի կերպով վիրավորելով դիլիջանցի ընտրողին: Հարցի էությունն այստեղ ոչ թե կոնկրետ ուժերի պարտության կամ հաղթանակի մեջ է, այլ քաղաքական, կայացած և ինքնուրույն ՏԻՄ ինստիտուտ ունենալու, որի մասին գեթ մեկ խոսք անգամ չի արտաբերվում, իսկ առավել ընդգրկուն պատկեր ունենալու համար պետք է հարցին նայել ոչ թե մեկ առանձին, այլ ընդհանուր արդյունքների դիտակետից: Ընտրություններից առաջ շատ է շահարկվել այն թեզը, որ նոր ՏԻՄ համակարգը ներդրվում է՝ այն իշխանության կողմից վերահսկելու նկատառումով, որը փլուզվեց առաջին իսկ փորձից: Գրանցված արդյունքները մեծ հաշվով կասկածի տակ չեն դրվել` չհաշված Գորիսում արձանագրված մի քանի դեպքերը, որոնք հետագայում կստանան իրենց քրեաիրավական գնահատականը: Սա վկայում է արդար ընտրության մասին, որն էլ տվյալ ինստիտուտի կայացման գլխավոր նախապայմանն է: Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում ներդնել քաղաքական և ինքնուրույն ՏԻՄ համակարգ, որը երբեք չի եղել: Այս ընտրություններն էլ քաղաքական չէին, որովհետև ձևն ու անունը փոխելով՝ էությունը միանգամից չի փոխվում: Գլխավորը դասական իմաստով խաղի կանոնների պահպանումն է, որն էլ սրբորեն կատարվել է իշխանության կողմից: Եվս մեկ-երկու ընտրություն, և նախկին արատավոր և խոր արմատներ գցած համակարգը տեղի կտա` դաշտը զիջելով իրական քաղաքական ուժերին: Ահա այդ ժամանակ է, որ տեղական ընտրություններում ձախողումներն ու հաջողությունները կարող են ինդիկատոր և վերլուծության առարկա հանդիսանալ համապետական ընտրությունների կամ իշխանության ապագայի համար:

261