ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:

Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում հակադարձեց ադրբեջանական հայտարարություններին՝ ներկայացնելով Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի դիրքորոշումները։

«Այսօր առավոտյան (հոկտեմբերի 18,-խմբ․) Դուք լսեցիք Ադրբեջանի բանավոր հայտարարությունները՝ կապված միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքի հետ։ Այդ դիմումը կազմված է ակնհայտորեն Կոնվենցիայի կարգավորումների առարկա չհանդիսացող հարցերից, սա կեղծ համարժեքության վարժություն է՝ տեղեկատվական ծխածածկույթ ստեղծելու համար մշակված մարտավարություն, որը նախատեսված է տպավորություն ստեղծելու, թե Ադրբեջանը իսկական զոհ է։ Ադրբեջանի դիմումը երեսպաշտ, ջղաձիգ արձագանք է՝ կեղծ հավասարություն ստեղծելու համար Հայաստանի հիմնավորված պնդումներին հակադարձելու նպատակով։

Հայաստանն իր պահանջների մասին Ադրբեջանին ծանուցել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին, հետո Ադրբեջանը պատասխանեց ոչ թե ներգրավմամբ, այլ՝ կրկնօրինակմամբ։ Հայաստանը բարձրացրեց ատելության խոսքի հետ կապված պահանջների մասին՝ Ադրբեջանը կրկնօրինակեց։ Հայաստանը ներկայացրեց մշակութային ժառանգության ոչնչացման պահանջներ, Ադրբեջանը կրկնօրինակեց։ Հայաստանը սեպտեմբերին ներկայացրեց իր դիմումը դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությամբ՝ Ադրբեջանը նորից կրկնօրինակեց ուղիղ մեկ շաբաթ անց։ Ադրբեջանի պնդումները շինծու և պաշտպանական քայլ են։ Երբ ծխածածկույթը հանում ես, այդ պնդումների որևէ բովանդակություն չես կարող գտնել։ Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցչի աղաղակող կեղծ տեղեկությունները դրա վառ օրինակն են։ Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ հարցե՞ր բարձրացնել․ մենք նույնպես կարող ենք, սկսե՞մ խոսել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Գանձակում էթնիկ հայերի կոտորածների ու ջարդերի մասին։ Ոչ, ես դա չեմ անի, քանի որ հիմա դրա ժամանակը չէ։ Եվ ես չեմ կարող պատկերացնել, թե դա ինչպես կարող էր արդյունավետ լիներ դատարանի համար։

Իմ հարգարժան գործընկերները ցույց կտան, որ Ադրբեջանի խնդրանքը ներկայացնում է հարցեր, որոնք խնդրահարույց են միայն առաջին հայացքից և առաջ են քաշում այն պահանջները, որոնք որևէ կերպ չեն առնչվում Կոնվենցիացից բխող իրավունքներին, ավելին, Կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունքի անհետաձգելի կամ անուղղելի վնաս չկա։ Ականազերծման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը փորձ է դատարանի մոտ ստեղծել խտրականության վերաբերյալ առերևույթ տպավորություն այնտեղ, որտեղ այն իրականում գոյություն չունի և չի կարող լինել։ Ադրբեջանի դիմումում ներկայացված ենթադրյալ ապացույցները բացարձակապես ոչ մի ապացույց չեն պարունակում՝ թե ո՞վ է ականներ տեղադրել, որտե՞ղ են դրանք տեղադրվել, ե՞րբ և ինչու՞ են դրանք տեղադրվել։ Հարկ է նշել, որ հենց Ադրբեջանն է հարյուրհազարավոր ականներ տեղադրել 1990-ականների սկզբին։ Հակամարտության գոտում ականների առկայությունն ազդել է բոլորի վրա։ Ցավոք, բոլորս տուժել ենք ականների պատճառով, և իմ երկիրը ցավում է յուրաքանչյուր մարդու ողբերգական մահվան կապակցությամբ՝ անկախ էթնիկ ծագումից։

Տասնամյակներ շարունակ մենք ձգտել ենք ավարտին հասցնել ականազերծման համապարփակ գործընթացը, այնուամենայնիվ, Ադրբեջանը համառորեն արգելափակում էր բոլոր նման հումանիտար ջանքերը, քանի որ ծագումով հայերը լինելու էին հիմնական շահառուները։ Միայն հիմա, երբ այդ անձիք հարկադրված էին հեռանալ՝ Ադրբեջանը հանկարծ գիտակցեց ականազերծման արժեքը։ Այնուամենայնիվ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահիհետ՝ այդ թվում ականների հետ կապված հարցերի քննարկման համար։ Հայաստանն արդեն երկու անգամ Ադրբեջանին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ։ Բոլոր հումանիտար հիմնախնդիրների լուծման համատեքստում մենք պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած մյուս քարտեզները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական զինված ուժերի թիկունքում ընկած ականապատ դաշտերի տեղակայումը, որոնք այժմ բացառապես հումանիտար բնույթի մտահոգություններ են առաջացնում և Հայաստանն այդ առաջարկն արել է չնայած այն հանգամանքին, որ նման քարտեզներ տրամադրելու որևէ իրավական պարտավորություն չունի։ Այդուհանդերձ Ադրբեջանը Հայաստանին անհիմն մեղադրում է Ադրբեջանի տարածքում ականապատման գործողությունների իրականացնելու մեջ ներգրավելու համար և դատարանից խնդրում Հայաստանից պահանջել դադարեցնել դա։

Տիկին նախագահ, չնայած նման խնդրանքն ակնհայտորեն դուրս է Կոնվենցիայի շրջանակներից, ցանկանում եմ հստակեցնել՝ Հայաստանն ականներ չի տեղադրում Ադրբեջանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում։ Հայաստանը հարգում և պահպանում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու իր պարտավորությունը՝ ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության։ Նույնիսկ հիմա, երբ մենք ելույթ ենք ունենում դատարանի առջև, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը և նրա զորքերն անօրինականորեն տեղակայված են Հայաստանի անվիճելի, ինքնիշխան տարածքի խորքում։ Փաստացի հենց այս լսումների ընթացքում ադրբեջանական ուժերը շարունակում են գնդակոծել գյուղերը և թիրախավորել խաղաղ բնակիչներին Հայաստանում և Արցախում։

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև, այսպես կոչված՝ «հակաադրբեջանական ատելության խմբերին» աջակցելու, հանդուրժելու և ատելություն տարածելու առցանց արշավներ հովանավորելու համար։ Այս մեղադրանքները փաստացի հիմնազուրկ են։ Հակառակը՝ Հայաստանի կառավարությունը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, ակտիվորեն հետամուտ են տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման օրակարգին։ Վերջերս ընդունված Կառավարության գործողությունների ծրագիրը հստակ նպատակ է սահմանում մեր երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան բացելը։

Նախորդ շաբաթ դուք լսեցիք մեր իրավախորհրդատուներին, որոնք բառացիորեն ներկայացրեցին այն ահռելի հռետորաբանությունը, որն օգտագործում է նախագահ Ալիևը՝ նկարագրելով իմ ժողովրդին։ Ես այստեղ նորից չեմ կրկնի այդ սարսափելի վիրավորանքները։ Ադրբեջանի գործի նյութերում անշուշտ չկան այնպիսի ձևակերպումներ, անգամ մի փոքր մոտ այն ատելության խոսքին, որը վերագրվում է իմ կառավարությանը։ Փոխարենը Ադրբեջանը դատարանի ուշադրությանն է ներկայացնում արտակարգ իրավիճակների և ինքնապաշտպանության դասընթացներ անցնող մի քանի անձանց կամ ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունները։ Թույլ տվեք հստակ ասել․ Հայաստանը չի աջակցում և չի արդարացնում ռասսայական հողի վրա ստորացուցիչ հայտարարությունները և շատ լուրջ է վերաբերում Կոնվենցիայով ստանձնած իր բոլոր պարտավորություններին։ Բայց այն, որ Ադրբեջանը որոշել է նման մեղադրանքները ներակյացնել դատարանի առջև՝ փաստացի պաշտպանելով իր իսկ նախագահի և պետական պաշտոնյաների սարսափելի հայտարարությունները, ցույց է տալիս միայն մեկ բան՝ նրա հուսահատ փորձը՝ կրկնօրինակել Հայաստանի գործը, անկախ նրանից, թե որքան հիմնազուրկ կլինեն իր պահանջները։

Ապացույցների պահպանման վերաբերյալ Ադրբեջանի պահանջած իր միջոցն ավելի լավ չէ, այն պարզապես սխալ է։ Այս խնդրանքը վերաբերում է ենթադրյալ իրավունքին, որը Կոնվենցիայով սահմանվող իրավուքն չէ։ Ներկայում Հայաստանը հետաքննում է հանցագործությունները, որոնք ենթադրաբար կատարվել են հայ զինծառայողների կողմից՝ ադրբեջանցիների նկատմամբ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կարող Կոնվենցիան վերածել իրավական փոխօգնության պայմանագրի։ Ավելին, քանի որ խնդրանքը վերաբերում է ներկայում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ապացույցներին, նման ապացույցները Հայաստանի վերահսկողության տակ չեն։ Մեր իրավախորհրդատուները կմանրամասնեն այս հիմնարար թերությունները և այլ խնդիրներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի անհիմն խնդրանքին։

Տիկին նախագահ, դատարանի հարգելի անդամներ, Հայաստանի գիտակ իրավախորհրդատուններն այժմ Ձեզ հիմնավոր կերպով ցույց կտան, որ միջանկյալ միջոցներ կիառելու վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը պետք է ամբողջությամբ մերժվի։ Նախ պրոֆեսոր Կոլբը (Ռոբերտ Կոլբ, միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու,-խմբ․) կանդրադառնա prima facie-ի իրավասությանը (առաջին տպավորություն,-խմբ)։

Երկրորդ՝պրոֆեսոր Մըրֆին (Շոն Մըրֆի, միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու,-խմբ) ցույց կտա, թե ինչու ականների և ենթադրյալ անդրսահմանային գործողություններ կատարելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջները չեն բավարարում դատարանի միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջները, Ադրբեջանի հարցումները չեն համապատասխանում prima facie-ի իրավասությանը, չեն առաջացնում Կոնվենցիայով նախատեսված իրավունքներ և ունեն մի շարք լուրջ թերություններ։

Երրորդ՝ դոկտոր Սալոնիդիսը (Կոնստանտինոս Սալոնիդիս, միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու,-խմբ ) կանդրադառնա, թե ինչու ադրբեջանցիների դեմ ռասսայական ատելության ենթադրյալ հրահրման հետ կապված Ադրբեջանի պահանջը նույնպես չի համապատասխանում միջանկյալ միջոց կիրառելու պահանջներին և չի հանդիսանում Կոնվենցիայի խախտում։

Ադրբեջանի ապացույցները չեն հաստատում ռասսայական ատելության կամ բռնության խրախուսումը, կամ հրահրումը, ոչ էլ պետության կողմից որևէ գործողություն, որը նախատեսում է Կոնվենցիայի կիրառում։

Պրոֆեսոր դ՛Արժանը  կեզրափակի Հայաստանի առարկությունների ներկայացնումը՝ բացատրելով, թե ինչու՞ է ապացույցների հավաքման և պահպանման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքն անտեղի։ Եվ ամեն դեպքում չի համապատասխանում միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջներին։

Այս առումով Ադրբեջանի դիմումը դուրս է Կոնվենցիայի և դատարանի դատական պրակտիկայի շրջանակներից։

Շնորհակալ եմ, տիկին նախագահ, դատարանի հարգելի անդրամներ, Ձեր ուշադրության համար»։

669