«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանը զոհ է»,- հակադարձելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ հայտարարեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը, գրում է aravot.am-ը:

Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ),  հոկտեմբերի 18-19-ին անցկացվում են Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի հետ կապված լսումներ: Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ մեղադրելով «Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտման մեջ:

Եղիշե Կիրակոսյանը դատարանին վստահեցրեց՝ Ադրբեջանը Հայաստանի բոլոր քայլերը հայելային ձևով կրկնում է. «Ադրբեջանի դիմումը կառուցված է կեղծ համարժեքության սկզբունքով, դա տակտիկական կերպով այնպես է գծագրված, որ տպավորություն ստեղծվի, թե հենց ինքը՝ Ադրբեջանն է զոհը»: Եղիշե Կիրակոսյանը թվարկեց, թե Հայաստանը, երբ հարց բարձրացրեց, որ Ադրբեջանը ատելության խոսք է տարածում, նույնը արեց Ադրբեջանը՝ պնդելով, թե Հայաստանն է դա անում, երբ Հայաստանը դիմում է մշակութային ժառանգության ոչնչացման խնդրով, նույնն անում է Ադրբեջանը, Հայաստանը դիմեց դատարանին, ուղիղ մեկ շաբաթ անց նույնն արեց Ադրբեջանը:

Եղիշե Կիրակոսյանը, չցանկանալով կենտրոնանալ և դատարանին ներկայացնել մանրամասներ, հավաստիացրեց՝ Ադրբեջանը Խոջալուի դեպքերի մասին է խոսում՝ խեղաթյուրելով իրականությունը ու հավելեց. «Արդյոք արժե՞, որ ես խոսեմ էթնիկ հայերի ցեղասպանության  մասին Գանձակում, Մարաղայում, Սումգայիթում: Ոչ, ես դա չեմ անի: Հիմա դրա ժամանակը չէ: Ես չեմ էլ պատկերացնում՝  ինչքանով դա դատարանի համար արդյունավետ կլինի:

Եղիշե Կիրակոսյանը նաև հայտարարեց՝ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում այն մասին, թե ովքեր ու ինչ նպատակով են տեղադրել ականները Արցախի սահմաններին ու մանրամասնեց. «Հարյուր հազարով ականներ հենց Ադրբեջանի կողմից են տեղադրվել 1990-ականներին: Մենք բոլորս էլ տուժել ենք ականներից:

Տասնամյակներ շարունակ իմ երկիրը փորձել է ամբողջական ականազերծում իրականացնել, սակայն Ադրբեջանը հետևողականորեն արգելել է հումանիտար առաքելությունները՝ իմանալով, որ հիմնական շահառուները հայկական ծագում ունեցող անձինք էին: Եվ միայն հիմա, երբ այդ մարդիկ տեղահանվել են, Ադրբեջանը հանկարծ բացահայտել է ականազերծման արժեքը»:

Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանական ղեկավարության հետ և այդ թվում նաև քարտեզների հարցը քննարկել. «Արդեն երկու առիթով մենք քարտեզներ տրամադրել ենք Ադրբեջանին, մինչդեռ դրա պարտավորությունը չունենք: Մենք պատրաստ ենք դա անել հումանիտար խնդիրների լուծման համար: Բայց անգամ այժմ, երբ մենք կանգնած ենք դատարանի առաջ, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ներխուժում ՀՀ-ի ինքնիշխան տարածք, շարունակաբար թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու քաղաքացիական անձանց»:

Հայկական կողմի հակադարձումներից հետո ՄԱԿ-ի դատարանում լսումները եզրափակվեցին: Դրանք կշարունակվեն վաղը. Երևանի ժամանակով ժամը 12:00 իրենց դիրքորոշումները կներկայացնեն Ադրբեջանի ներկայացուցիչները, երեկոյան՝ ժամը 19:00-ից՝ դատարանը կլսի հայկական կողմի հակադարձումները:

1059