Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակառու չհամարվող և աշխատանք չունեցող այն քաղաքացին, որը, հաշվառվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում, ստացել է գործազուրկի կարգավիճակ։

Հաշվառվելով տարածքային կենտրոնում` գործազուրկ քաղաքացին կարող է ընդգրկվել զբաղվածության պետական հետևյալ ծրագրերում՝

  • աշխատանքային փորձի ձեռքբերման (պրակտիկայի) կազմակերպում,
  • աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործատուին միանվագ փոխհատուցում,
  • մասնագիտական ուսուցման կազմակերպում,
  • անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում,
  • սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցություն։

Հաշմանդամություն ունեցող անձինք (վերոնշյալ ծրագրերից բացի) կարող են ընդգրկվել նաև «Աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում՝ գործատուին» և «Աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագրերում։

Գործազուրկի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) անձնագիր կամ նույնականացման քարտ,

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),

4) աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,

5) զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում,

6) գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

439