Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ինքն է մեղավոր թիմի պարտության համար։ 
 
Կոնֆերենցիանների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվելիս 1:6 հաշվով պարտվեց «Բուդյո-Գլիմտ»-ին:
 
«Հաշիվը 1:3-ից հետո մենք կորցրինք գլուխներս, և թվում էր, թե գնդակի յուրաքանչյուր տիրապետումն ավարտվում էր գոլով: Բացատրությունը պարզ է. Նրանք ավելի ուժեղ էին, և դա իմ մեղքն է, քանի որ նրանց առաջին թիմն ավելի ուժեղ է, քան մեր երկրորդ թիմը: Ավելի լավ թիմը հաղթում է հանդիպումը: Դա իմ պատասխանատվությունն է, ես ընտրել եմ այս խաղացողներին: Այնուամենայնիվ, եթե ես խաղադաշտ դուրս բերեի առաջին թիմին, ինչ-որ մեկը կարող էր վնասվածք ստանալ, իսկ կիրակի օրը «Նապոլիի» դեմ խաղում մենք չորս-հինգ գնդակ բաց կթողնեինք, և այս որոշումը նույնպես սխալ կհամարվեր»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
 
«Երբ ես չորս-հինգ շաբաթ առաջ ասում էի, որ մենք պետք է գնանք Վատիկան և աղոթենք վնասվածքների համար, ես իսկապես գիտեի, թե ինչի մասին եմ խոսում: «Բուդյո-Գլիմտ»-ի թիմն այսօր ավելի որակյալ էր, քան մեր երկրորդը: Ակնհայտ է, որ ես պետք է շարունակեմ խաղալ նույն տղաների հետ ամեն խաղում և հասցնել նրանց ուժասպառության սահմանին»,- ասել է «Ռոմայի» մարզիչը:

 

 

1322