Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ձորը գլորված մեքենայի 2 վիրավոր ուղևորներն ու 2 զոհերը նախարարության Անտառային կոմիտեի աշխատակցներ են: Նրանք վերադարձել են գիշերային ստուգայցից:

«Մեծ ցավով պետք է նշեմ, որ պատահարի արդյունքում մահացած և վիրավոր քաղաքացիները ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսություն մասնաճյուղի Նավուրի անտառապետության անտառապահներն են։ Գիշերային ստուգայցի ժամանակ, կորցնելով մեքենայի կառավարումը, գահավիժել են ձորը։

«Արծվաբերդ» մասնաճյուղի տնօրենը ծանր վնասվածքներով այժմ գտնվում է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում, կյանքին վտանգ չի սպառնում։

Ցավակցում եմ մեր գործընկերների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին, ուժ և տոկունություն եմ ցանկանում»,-գրել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին անձնվիրաբար և անշահախնդիր ծառայելու համար։

Ըստ Պետրոսյանի, պատահարը տեղի է ունեցել ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի՝ «Արծվաբերդի» անտառտնտեսության Նավուրի անտառապետության Թթու ջուր կոչվող հատվածում, որտեղ վերջին շրջանում ահագնացել էին ապօրինի հատումները, և մի շարք անտառխախտումների դեպքերով էլ հաղորդումներ էին ներկայացվել իրավապահներին։

«Այս ցավալի միջադեպը ևս մեկ ազդակ է, որ պետք է սթափվել և զերծ մնալ ապօրինի անտառհատումների արգահատելի գործելաոճից»,- եզրափակել է նախարարը։

563