
Factor.am-ին տված հարցազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե 2021թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ փաստաթուղթ է ստորագրվելու, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, տրվելու է սահմանազատման և սահմանագծման մեկնարկը, և հորդորել էր «տուրք չտալ անհայտ աղբյուրից արտահոսքերին:
«Վարչապետի օտարերկրյա այցերը պատշաճ տեղեկացվում են հանրությանը, այդ թվում՝ բովանդակության առումով, բայց նաև ուզում եմ անդրադառնալ այդ, այսպես կոչված, արտահոսքի բովանդակությանը, որովհետև բոլորին հայտնի է, որ, օրինակ, կոմունիկացիաների բացման նպատակով եռակողմ ֆորմատ կա՝ հայ-ադրբեջանա-ռուսական, որը աշխատանքներ է իրականացնում, և այդ աշխատանքների իրականացման ամբողջ նպատակը վերջում ինչ-որ արդյունքի հասնելն է և այդ կոմունիկացիաները բացելը: Ու եթե, օրինակ, ինչ-որ մի օր փաստաթուղթ ստորագրվի կամ առանց փաստաթուղթ ստորագրելու բացվեն կոմունիկացիաները, ապա այդտեղ նորություն չկա, և պետք չի դա ներկայացնել՝ որպես ինչ-որ ժողովրդի թիկունքում արված գործողություն, որովհետև շատ հրապարակային է արվել՝ սկսած այս թվի հունվարի 11-ից, երբ վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը հանդիպեցին ու պայմանավորվեցին դրա մասին Մոսկվայում»,- ասաց Թորոսյանը նշելով, որ ինքը տեղեկություն չունի արդյո՞ք նախատեսվում է Մոսկվայում Պուտինի միջնորդությամբ Փաշինյանի ու Ալիևի հանդիպում, թե՞ ոչ:
Արսեն Թորոսյանը խոսեց նաև դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին: «Բազմիցս վարչապետը դրա մասին հայտարարել է, մենք էլ ենք դրա մասին հայտարարել, որ դելիմիտացիա և դեմարկացիա առաջինը պետք է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև դա ավելի անվտանգ է դարձնելու մեր սահմանները, ինչը մենք այսօր չունենք: Այսինքն՝ չունենք դելիմիտացված և դեմարկացված սահմաններ Ադրբեջանի հետ: Եվ հետևաբար՝ դա էլ պետք չի ներկայացնել՝ որպես ինչ-որ թաքուն գործողություն, եթե ինչ-որ մի օր տեղի ունենա, սակայն այսօր դրա մասին խոսելը դեռ վաղ է: Կարծում եմ՝ պետք է հետևել պաշտոնական լրահոսին՝ Արտգործնախարարության, ինչո՞ւ ոչ՝ վարչապետի աշխատակազմի, և այդպիսի առիթ լինելու դեպքում անպայման հանրությունը կտեղեկացվի: Բայց նորից կրկնում եմ՝ արդեն տեղեկացված լինելով, որ մեզ են այդ երկուսը պետք»,- ասաց Արսեն Թորոսյանը: