Մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրների լուծման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում բնակարանի գնման 300 վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 210-ը։ Կան շուրջ 20 ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ, որոնք չեն հասցնի սահմանված ժամկետում իրացնել իրենց իրավունքը։

Ըստ այդմ, մասնավորապես նախատեսվում է երկարացնել ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների բնակարան ձեռք բերելու ժամկետը: Մեկ այլ փոփոխությամբ ծրագրի շահառու դառնալու հնարավորություն կտրվի սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվող մանկատան շրջանավարտներին (շուրջ 25 շահառու):

Հաջորդ հարցը կապված է հաշմանդամություն ունեցող ու միաժամանակ ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող մանկատան շրջանավարտներին ԲԳՎ իրավունքի տրամադրման հետ: Նախարարությունը ստացել է շուրջ 15 դիմում Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտներից, որոնք չնայած իրենց չափահասությանը մինչ օրս բնակվում են Խարբերդի մանկատանը՝ ինքնուրույն բնակվելու սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով։

Ըստ այդմ՝ կապահովվի անհրաժեշտ հիմք հաշմանդամություն ունեցող պետական մանկատան շրջանավարտների ինքնասպասարկման ունակությունների փորձաքննության մեխանիզմ ստեղծելու և այդ մեխանիզմի միջոցով ինքնասպասարկման ունակություններ ունեցողներին ԲԳՎ իրավունք տրամադրելու, իսկ չունեցողներին՝ ԲԳՎ իրավունքի տրամադրումը մերժելու համար: Նախարարությունը գտնում է, որ վերջիններիս բնակապահովումը պետք է իրացվի ոչ թե ԲԳՎ-ի, այլ փոքր տների և որոշակի խնամքի ապահովման մեխանիզմով։

189