Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Հոկտեմբերի 30-ը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։
Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի խոսք ուղղելու համակարգի հերոսներին։

Արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ կրելով արտակարգ իրավիճակների աշխատողի պատվաբեր անունը` վստահաբար կարող ենք ասել, որ ձեր անձնական զոհողության գնով դուք պատրաստ եք պաշտպանել մեր բնակչությանը ցանկացած արտակարգ իրավիճակներում։ Համոզված ենք, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր իսկ ամենօրյա նվիրական գործունեությամբ։

Անգնահատելի և անուրանալի  է ձեր դերակատարությունն ու անմիջական մասնակցությունը հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների վերացման և մասնագիտական գործունեության բնագավառում։ Ավաղ, համակարգը ևս ունեցավ անդառնալի կորուստներ։ Գլուխ ենք խոնարհում նրանց սխրանքի և շիրիմների առջև։

Ձեր  ամենօրյա քրտնաջան և հերոսական աշխատանքի շնորհիվ`որոնողական աշխատանքների արդյունքում  բազում հերոսների աճյուններ այսօր հողին են հանձնվում։

Վստահ ենք, որ ձեր մարդասիրական առաքելությունը մշտապես  ուղղված է լինելու հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն  և  աջակցելուն ։

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ԱԻ պետական ծառայողի աշխատակցի օրվա  առիթով, մաղթում քաջառողջություն և  ծառայություն միայն խաղաղ պայմաններում», - ասված է ուղերձում։

586