Ոստիկանության նախաձեռնած փոփոխությունների համաձայն՝ առաջիկայում հին նմուշի անձնագրերը տասը տարվա վավերականության փոխարեն կտրվեն երկու տարով: Պաշտոնական պարզաբանմամբ՝ այս քայլն արվում է ամբողջությամբ նոր կենսաչափական անձնագրերի անցնելու համար։
Սա դեռևս նախագիծ է, որը դրվել է շրջանառության մեջ:
Նախագիծը վերաբերում է բացառապես հին նմուշի անձնագրերին: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր Ազգային Ժողովում 2022 թվականին պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց՝ այսօրվա և սպասվող կենսաչափական անձնագրերն իրավական առումով նույն են, տարբերությունը դիզայնի փոփոխության և էջերի ավելացման մեջ է լինելու:
«Ոստիկանության կողմից ներկայումս ակտիվ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կարողանանք 2022 թվականին ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող համակարգ, ինչը թույլ կտա անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի, այսինքն՝ հին կենսաչափական անձնագրերը դուրս են գալու շրջանառությունից: Եթե մենք շարունակենք տրամադրել 10 տարի ժամկետով անձնագիր, ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը կիրառել ու շրջանառել հին նմուշը: Այս փոփոխությունն այդ նպատակը ունի»,- նշեց նա:
Եթե որոշման նախագիծն ընդունվի Կառավարության նիստում, քաղաքացիները ստիպված կլինեն կա՛մ երկու տարին մեկ անձնագիր փոխել, կա՛մ 25 հազար դրամ վճարել կենսաչափականի համար, որը կտրվի տասը տարի ժամկետով։