«Իհարկե, դասագրքերը պետք է ամբողջությամբ փոխվեն նոր չափորոշիչների ներդրման ընթացքում»,- այս մասին Araratnews.am-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հարցին, թե հանրակրթական դպրոցներում դասագրքերի բովանդակային ինչ փոփոխություններ են նախատեսվում  և հատկապես որ առարկաներին է ուշադրություն դարձվելու:

«Երկրորդ, հինգերորդ, յոթերորդ և տասներորդ դասարաններում փորձարկում ենք չափորոշիչները` փուլային տրամաբանությամբ, և եկող տարի դրանք կմիավորվեն երրորդ, վեցերորդ, ութերորդ, տասնմեկերորդ դասարաններում, և մենք կծածկենք ամբողջ տասներկուամյա համակարգը, և այդ փորձարկմանը զուգընթաց, երբ ունենանք վերջնական լրամշակված չափորոշիչներ ու ծրագրեր, կհայտարարվի նոր դասագրքերի մրցույթ»,- հարցազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարարը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ բոլոր առարկաներով պետք է ունենանք նոր դասագրքեր, որոնցում էկանորեն փոխվելու է նյութի մատուցման ձևը, տրվող առաջադրանքները. «Հիմա մենք վերջնականացնում ենք դասագրքերի ապահովման նոր կարգը, ինչպես նաև դասագրքերի ստեղծման և գնահատման նոր կարգը»:

Փոխնախարարը օրինակ է բերում ֆիզիկայի դասագիրքը, նշելով, որ այդ դասագրքի գնահատումը կիրականացվի ոչ միայն ֆիզիկայի մասնագետների, այլ նաև լեզվաբանի, դիզայների, հոգեբանի ներգրավվածությամբ:

Հիշեցնենք` ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը  Araratnews.am-ին տված հարցազրուցում ներկայացրել է նախարարության կողմից հանրային քննարկմանը ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, խոսել` հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման, հանրակրթական դպրոցներում նախատեսվող դասագրքերի բովանդակային փոփոխության, ուսուցիչների կամավոր ատեստավորման և այլ թեմաների շուրջ:

Հայկ Մագոյան

953