Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությամբ մեկնարկել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում «STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի ինտեգրման և ներդրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի կարևոր ուղղություններից է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդումը՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում մասնագիտությունների ընտրության և ՏՀՏ ոլորտում արհեստական բանականության գործիքների ստեղծման ու կիրառման հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով:

Այս նպատակով մշակվել է «Կարիերայի ուղղորդում ԱԲ դարաշրջանում» ուսումնական մոդուլը, որի բովանդակությանն ու կիրառման մեթոդաբանությանը ծանոթանալու համար օրերս վերապատրաստման դասընթաց է անցկացվել Երևանի և Հայաստանի մարզերի 14 քոլեջների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մասնագետների համար։

Մասնակիցներին ողջունել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտության կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը։

Մոդուլի հեղինակ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման փորձագետ Ալլա Գևորգյանը ներկայացրել է մոդուլի բովանդակությունը, մեթոդաբանությունը և դրա կիրառման առանձնահատկությունները։ Նախաձեռնությունը միտված է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացմանը՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը և արհեստական բանականության գործիքների գիտակցված ու արդյունավետ կիրառմանը:

Ծրագիրն իրականացվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶՄԿՈՒՀ) ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ Armenia) կողմից։

75