Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին:

ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են դրվել COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած բազմաբնույթ փոփոխությունները: Զրույց է ծավալվել համավարակի հետևանքով հանրային առողջապահության ոլորտը կարգավորող միջազգային և տեղական օրենսդրության շուրջ:

ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները և խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու  փորձի փոխանակում են իրականացրել:

Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել  ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը: Խորհրդարանականները քննարկել են  տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերին առնչվող քայլերի քարտեզագրման հեռանկարային ուղղությունները:

Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:

123