
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը նվիրված է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին։ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Ղազախստանում անկարգությունների զոհերի։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշեց, որ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առումով։
«Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս մեր տարածաշրջանում բախվել ենք օտարերկրյա ահաբեկչական գրոհայինների հետ»,- ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ ՀԱՊԿ շրջանակներում բարեկամ Ղազախստանին ուղղված ջանքերը կնպաստեն երկրի բնականոն կյանքի վերականգնմանը հնարավորինս սեղմ ժամկետներում։
Մարիամ Գևորգյան