
Գերմանական արհմիությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Շտեֆան Կերզելը հայտարարել է, որ ռուսական էներգառեսուրսների մատակարարման արգելքի սահմանումը Գերմանիայում կհանգեցնի լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքների, այդ թվում՝ երկրում գործազրկության կտրուկ աճին։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։
Ըստ Կերզելի՝ նման ապակայունացումը կարող է մեծապես խոչընդոտել ոչ միայն Գերմանիայի, այլև ամբողջ Եվրոպայի տնտեսական ու սոցիալական զարգացմանը, և հումանիտար ու խաղաղապահ միջոցառումների համար շատ ավելի քիչ հնարավորություններ կլինեն։
Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ Գերմանիան բնական գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով չի վճարի, և հայտնել էր Ռուսաստանի կողմից էներգիայի մատակարարման դադարեցումից հետո արտակարգ իրավիճակների ծրագրի ներդրման մասին։