Կառավարությունը ընդունեց  բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը, որով պետությունը մասնակի կամ ամբողջությամբ կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքները:

Նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, որը նշեց, որ վերջին շրջանում արձանագրվում է  քաղաշինության բնագավառի աշխատուժի սահմանափակ արտահոսք կամ որոշակի ներհոսք:

«Շինարարական շուկան գտնվում է  վերադասավորման փուլում և անհրաժեշտություն է առաջանում ոլորտի մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կոչում են բնակարանների ռենովացիայի ծրագիր և հույս ունեն, որ սա կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: «Խորհրդային Միության ժամանակներից հատկապես մեր մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը չի օգտագործվում: Այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջը և աճել են գները»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց նաև, որ ակնհայտ պատճառներով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ: «Եվ մենք մտածել ենք, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարևոր է, որ ծրագիրը մաքսիմալ լինի բովանդակային և սրա պատասխանատվությունը ընկնում է բանկերի վրա: Նա պարզաբանեց, որ կառավարության դերը նրանում է, որ մինչև 14 տոկոս այդ վարկերի տոկոսադրույքները կառավարությունը սուբսիդավորում է, այսինքն՝ փակում է տոկոսները քաղաքացիների փոխարեն. սահմանամերձ գյուղերում սուբսիդավորվում է մինչև զրո տոկոս,  մյուս համայնքների համար մի փոքր տարբեր է:

«Մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք, մեր բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է, և հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք»,- ասաց նա:

 

 

1234