Թուրքիան ակնկալում է, որ Հյուսիսատլանտյան երկրները կոնկրետ քայլեր կձեռնարկեն «անօգուտ հայտարարությունների» փոխարեն՝ անդրադառնալու Անկարայի մտահոգություններին Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Այս մասին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի գործընկերներից մենք համապատասխան աջակցություն չենք ստացել։ Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկի մտահոգությունները լուծելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան չի կարող ուշադրություն չդարձնել Շվեդիայի կողմից սահմանված պատժամիջոցներին։ «Քանի որ մեր դերը ՆԱՏՕ-ում պարզ է, մենք դեռ քննարկում ենք պատժամիջոցների վերացման հարցը մեր դաշնակիցների հետ»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան 40 տարվա ընթացքում այդպես էլ չի տեսել իր դաշնակիցներից սպասվող աջակցությունը։

Ավելի վաղ Էրդողանը վերջնագիր էր ներկայացրել Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Թուրք ղեկավարն ընդգծել է, որ Անկարան սպասում է սպառազինության էմբարգոյի վերացմանը, որը Շվեդիան և Ֆինլանդիան սահմանել են 2019 թվականին։

562