Ինչպես արդեն տեղեկացրել էինք` պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների:

Խոսելով հայ-ադրվեջանական հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ ի վիճակի կլինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ «Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է»։ 

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին` Փաշինյանն ասել է․ «Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։ Երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է»։

Լրագրողը Փաշինյանինց հետաքրքրվել է, թե Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Հայաստանի տարածքով` ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է. «Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։

1209