
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում մինչև տարեվերջ՝ մինչև ձմռան սկսվելը։ Հենց այս ժամկետն է նշել Զելենսկին G7-ի առաջնորդների վեհաժողովում իր ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ երկու դիվանագետների։
Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում գրել է, որ շնորհակալություն է հայտնել Մեծ յոթնյակի երկրներին ռուսական ներխուժման դեմ պայքարում պաշտպանական և ֆինանսական օգնության համար։
«Մեզ համար կարևոր է նաև Մեծ յոթնյակի երկրների հետևողական դիրքորոշումը պատժամիջոցների հարցում, դրանք պետք է ավելի ամրապնդվեն, մասնավորապես՝ սահմանափակելով ագրեսորի կողմից արտահանվող նավթի գինը»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ, Reuters-ը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ ելույթ ունենալով վեհաժողովում՝ Զելենսկին խնդրել է մեծացնել ՀՕՊ համակարգերի տրամադրումը, ինչպես նաև ավելի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։