Ըմբշամարտի Եվրոպայի ֆեդերացիան ամփոփել է Հռոմում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքները: Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանի հավաքականը, որը 10 քաշային կարգերից 8-ում մեդալ է նվաճել և վաստակել վարկանիշային 169 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է մեր թիմը, որը նվաճել է 5 մեդալ և վաստակել 144 միավոր: Եթե հաշվենք միջին թվաբանականով, ապա Հայաստանը միջինը վաստակել է 28, իսկ Վրաստանը` 21 միավոր: Առաջնության 3-րդ թիմ է ճանաչվել Ուկրաինայի հավաքականը, որը նույնպես նվաճել է 5 մեդալ, սակայն վաստակել է 118 վարկանիշային միավոր: Ոսկե մեդալների քանակով Հայաստանի ընտրանին մրցակցությունից դուրս էր, քանի որ նվաճել է երեք բարձրորակ մեդալ, իսկ մյուս 7 երկրները` մեկական, այդ թվում նաև Վրաստանը: Հիշեցնենք, որ Հռոմում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն են հռչակվել 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: 

434