Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։

Բացահայտման միջոցառումներին միացել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ են ստացել, որոնք իրացրրել են Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։

Պարզվել է, որ հուլիսի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Առատաշենի բնակիչներից մեկը վիճաբանության ժամանակ դանակով խփել էր տուժածի որովայնին: Ճշտվել է նրա ինքնությունը։ 

Առատաշենի 39-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական ցուցմունք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ 39-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Կատարվում է նախաքննություն:

162