Թույլ տալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին այցելել Թայվան՝ ԱՄՆ-ը մի քանի սխալ թույլ տվեց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինը։

Նրա խոսքով՝ առաջին սխալը ԱՄՆ-ի կոպիտ միջամտությունն է Չինաստանի ներքին գործերին։

«Անտեսելով Պեկինի բազմաթիվ զգուշացումներն ու նախազգուշացումները՝ Վաշինգտոնը, այնուամենայնիվ, կազմակերպեց Փելոսիի այցը Թայվան։ Սա Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում էր»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը։
Երկրորդ սխալը, ինչպես նշեց նախարարը, աջակցությունն է Թայվանի անկախությանը։

«Աշխարհում ոչ մի պետություն չպետք է աջակցի «անջատողական ուժերին», և Միացյալ Նահանգները նման գործողություններով հանդես է եկել Չինաստանի դեմ»,- ասել է Վան Ին։
Երրորդ սխալը, ըստ չինացի նախարարի, ԱՄՆ ցանկությունն է՝ խաթարել խաղաղությունը տարածաշրջանում՝ մեծացնելով իր ռազմական ներկայությունը։

Ըստ Վան Ինի՝ Փելոսիի Թայվան կատարած այցից հետո Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու միջոցները ողջամիտ են, օրինական, բաց և համաչափ:

 

647