Պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը կկազմի 66 միլիարդ դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

«Ամբողջ բարեփոխման համար սահմանել ենք 3 տարի ժամկետ, որը Կառավարության համար կարժենա 66 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձային ֆոնդ: Բնականաբար, Կառավարությունից ակնկալելու ենք միջինը տարեկան 20 միլիարդ դրամ, բայց եթե մեր զինծառայողները ավելի վաղ կարողանան ատեստավորվել, մենք գործընթացը կավարտենք ավելի շուտ: Մենք կգտնենք այդ միջոցները, եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր հանձնել են ատեստավորման համար պահանջվող քննությունները: Գործընթացը բավականին ճկուն է լինելու»,- ասաց Պապիկյանը:

Պաշտպանության նախարարությունը առաջարկում է կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների համար հավելավճար սահմանել: Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար սահմանել հավելավճար, և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով։

Նախագծերի համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները ատեստավորմանը մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը։

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորման համար դիմել տարեկան ոչ ավելի քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից։

Բացի այդ, զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կրկնապատկվելու է:

773