
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն ընտրվեց միության 17-րդ համագումարի ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Երևանի պետական կամերային թատրոնում:
Հակոբ Ղազանչյանն ընտրվեց բաց քվերակությամբ:
Ղազանչյանի խոսքով՝ ավելի ճկուն կառավարման համար ցանկալի է միության քարտուղարություն ստեղծել, որում կընդգրկվեն երիտասարդներ, որոնք ուզում են աշխատել, որոնք կհամակարգեն հստակ ոլորտներ, անընդհատ կապի մեջ կլինեն իրենց բնագավառի ներկայացուցիչների հետ և ժողովներ, միջոցառումներ կկազմակերպեն: «Եթե սցենոգրաֆիայի բնագավառն է, ցուցահանդեսներ կկազմակերպեն, եթե թատերագիտության, դրամատուգրայի ոլորտն է, ընթերցումներ, քննարկումներ և այլն: Դա հիմնականում արվում է, որ միությունն ուղիղ աշխատի միության անդամի հետ, ոչ թե թատրոնների միջոցով: Եթե այդ կանոնադրությունն ընդունվի, հաջորդ համագումարին պատվիրակներ կընտրվեն կոնկրետ սեկցիաների ժողովներում, ոչ թե թատրոններում: Ես դա կարևոր եմ համարում»,-շեշտեց Ղազանչյանն ու հավելեց՝ իր առաջարկով վարչությունն իրավասու է լինելու ընդունելու նախագահի հրաժարականը և ընտրելու նոր նախագահ մինչև հաջորդ համագումարը: Այդ դեպքում միության նախագահն ըստ էության կկոչվի վարչության նախագահ:
Թատերական գործիչների միությունն այս պահին ունի մոտ 620 անդամ: Վերջին տարիներին միության անդամների շարքերը համալրել են երիտասարդները: Այժմ ևս դիմումները շատ են:
«Տխուր է, բայց այն սերունդը, որի յուրաքանչյուր անդամ միության հենասյուն էր և որը միության աշխատանքներին լծվում էր՝ անելով իրենից կախված ամեն բան, օր օրի պակասում է: Առաջիկա տարիներին գլխավոր ռազմավարական խնդիրը պետք է լինի սերնդափոխությունը: Մենք պետք է գտնենք երիտասարդների, պետք է նրանց ուղղորդենք, որ աշխատեն, սիրեն իրենց գործը: Երիտասարդները պետք է ուժ ունենան ընտրելու իրենց առաջնորդներին, որոնցից հետագայում, գուցե, ընտրվի միության նախագահը: Եթե այդ տարիքում սկսեն ամբիցիաների բախումներ, անցանկալի ընթացք կլինի»,-հավաստիացրեց Հակոբ Ղազանչյանը:
Խոսելով թատերական ոլորտի խնդիրների մասին՝ Ղազանչյանն ասաց՝ առաջ իրենց ձայնը տեղ հասնում էր, իսկ հիմա տպավորություն է՝ մի քանիսի պաշտոնական կարծիքը բավարար է խնդիր լուծելու համար: «Կցանկանայի՝ միություններն ավելի ներգրավված լինեին մշակութային քաղաքականությունը ձևավորելու հարցում, և ինձ համար մինչ օրս անհասկանալի է, որ շուրջ 15 տարի խոսում ենք թատրոնի մասին օրենքի մասին, որը դեռ չկա: Միությունը պետք է հետևողական լինի և առաջարկներ անի: Չգիտեմ՝ կընդունվի, թե ոչ, բայց պետք է այդ հարցում ակտիվ լինել, քանի որ օրենքի բացակայությունը անընդհատ խնդիրներ է ստեղծում թատերական դաշտում»,-շեշտեց Հակոբ Ղազանչյանը:
Թատերական գործիչների միության նախագահի միակ թեկնածուն Հակոբ Ղազանչյանն էր: