Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

– Պարո՛ն Գրիգորյան, այսօր հայ ժողովուրդը նշում է մայիսի 9-ը՝ Եռատոնը։ Բայց ցավալիորեն, այսօր մենք գտնվում ենք մի իրականության մեջ, երբ օրվա խորհուրդը այլևս նախկինը չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը Արցախի հայաթափումից հետո։

– Այո, պետք է փաստենք, որ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, ՀՀ անկախություն ձեռք բերելուց հետո հայ ժողովրդի համար այլ խորհուրդ ստացավ՝ վերածվելով Եռատոնի։

Մայիսի 9-ը մեզ համար միշտ եղել է ազգային արժանապատվության օր, որն իր մեջ էր ամփոփում թե՛ Շուշիի ազատագրման ողջ գաղափարաբանությունը՝ հայ ժողովրդի հերոսական անցյալով ու ազատագրական պայքարի սխրանքներով, թե՛ Հայրենական Մեծ պատերազմի և թե՛ իհարկե Արցախի պաշտպանության բանակի ստեղծման հետ կապված, որը դարձավ մեր անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր քաղաքական կարգավիճակը և զարգացման ուղին ինքնուրույն որոշելու իրավունքի իրացման ամենագլխավոր նախապայմանը։

Բայց այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման և հայկական պատմական տարածքների յուրացման հետևողական քաղաքականության գործադրման պայմաններում, այս օրը կարծես բեկել է իր ընթացքը՝ դառնալով վճռական պայքարի շարունակության և վերադարձի իրավունքի համար մղվող պայքարի նախանշման օր։

Մենք պարտավոր ենք պայքարել հայ ժողովրդի իրավունքների երաշխավորման համար, քանզի հավաքական պարտք ունենք սերունդների առջև։

– Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Շուշիի ազատագրումը, և որպես «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում հայ ժողովրդի վերադարձի իրավունքի երաշխավորման համար։

– Շուշին եղել է Արցախի մշակութային սիրտը՝ հոգևոր, կրթական, ազգային ինքնության կենտրոնը։ Ուղիղ 33 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան ազատագրվեց բերդաքաղաքը և բեկումնային դարձավ արցախյան ազատամարտում՝ նախանշելով հետագա հաղթանակների ուղին։ Լուսաբացին բերդաքաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը, որը հայ ժողովրդի ամենափառավոր էջերից է։

Հարկ է նաև նշել, որ 2020-2025 թվականներին Ադրբեջանը ցույց է տվել իր «առանձնահատուկ» վերաբերմունքը Շուշիին՝ ընտրելով քաղաքի իսլամացման, ադրբեջանականացման և հայկական լանդշաֆտի վերափոխման ընդգծված քաղաքականությունը։ Շուշիում կազմակերպվել են մի շարք իսլամական միջազգային խորհրդաժողովներ, գիտաժողովներ, որոնց նպատակը մեկն է եղել՝ յուրացնել այն, ինչ հայկական է։ Քրիստոնեական Շուշին հռչակվել է որպես 2023 և 2024 թվականների Իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք, բազմաթիվ մզկիթներ են կառուցվել քաղաքում, ավերվել են բնակելի տներ, դպրոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, թանգարաններ և հենց Շուշիի ազատագրումը ներկայացնող հուշարձաններ։

Ու թեև ակնհայտ է, որ իրականացվում է հայ ինքնության յուրացում խտրականության և ռասայական ատելության հիմքով, Ադրբեջանը միաժամանակ փորձում է ստեղծել հանդուրժող և բազմամշակութային երկրի պատրանք։ Ստեղծվում է իրավիճակ, երբ մի կողմից յուրացվում են քրիստոնեական արժեքները, աղավաղվում է Ղազանչեցոց եկեղեցին, հիմնահատակ ավերվում է Շուշիի Կանաչ Ժամը, ոչնչացվում են պատմական գերեզմանոցներ, այդ թվում՝ Շուշիի Հին Ղազանչեցոցի 18-19-րդ դարերի տապանաքարերով գերեզմանոցը և այլ մշակութային արժեքներ, իսկ մյուս կողմից Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես բազմէթնիկ ինքնությունները հարգող պետություն։

Այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ Շուշիի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը մենք չենք ընդունում որպես անշրջելի փաստ և մեր ձայնն ենք բարձրացնում պատմական ճշմարտության ու արդարության վերականգնման համար։

Որպես Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան կազմակերպություն՝ մենք մեր հիմնական ջանքերը կենտրոնացրել ենք բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման և այդ իրավունքի իրագործման ուղղությամբ։ Համագործակցում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական շրջանակների հետ՝ փորձելով ուշադրության կենտրոնում պահել պատմական ճշմարտության վերականգնման հարցը։ ՄԱԿ-ի Փախստականների հանձնակատարի, ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Տեղահանությունների միջազգային գրասենյակը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել տարբեր տարիներին կոնֆլիկտների արդյունքում իրենց բնիկ տարածքները լքած փախստականների խնդիրները, և այժմ մեր գործունեությունը ուղղված է այն բանին, որ միջազգային այս կառույցները իրենց գործնական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի հարգման հիմքով ներառեն բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանությունը։

– Պարո՛ն Գրիգորյան, հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում, և Արցախի պատմական լանդշաֆտը հագեցած էր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և հերոսների սխրանքները ցուցող հուշակոթողներով, որոնք, ցավոք, հետևողականորեն ոչնչացվում են Ադրբեջանի կողմից։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս քաղաքականությունը։

– Այո, հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել 1941-1945 թթ․ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի ապահովման մեջ։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ։ ԽՍՀՄ ժողովուրդների շարքում նրանք մեծ ներդրում ունեին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի ու հրետանային զորքերի սպաների կազմում և ԽՍՀՄ հերոսների ցանկում։ Հայ ժողովուրդը տվել է Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի, Աղանովի, Իսակովի նման մարշալներ։

Այսօր, ավելի քան երբևէ կարևոր է նշել, որ 2020-2025 թվականների ընթացքում Ադրբեջանը էականորեն խաթարել է նաև Հայրենական պատերազմում տարած հաղթանակի գաղափարը, ոչնչացնելով հերսների հուշակոթողները․ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտ քաղաքում ոչնչացրել է Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան, ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին, Հադրութի Ազոխ գյուղում ոչնչացրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Հադրութի ազատամարտիկների հուշարձանը և իհարկե Շուշիի Հայոց Ցեղասպանությանը, Արցախյան ազատամարտին և հենց Հայրենական Մեծ պատերազմին նվիրված համալիրը։ Կարևոր եմ համարում նշել, որ հուշարձանի ֆիզիկական ոչնչացումը միաժամանակ նրա կրած գաղափարի նսեմացմանն ուղղված գործընթաց է։ Այս առումով, Ադրբեջանը Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացմամբ փորձում է վերացնել ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած և դրա դեմ պայքարած հերոսների գաղափարներն ու արժեքները։

Ադրբեջանի այս հետևողական քաղաքականությունը, թեև դժվարացնում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հարցը, բայց մենք ունենք համալիր աշխատանքի և հետևողական պայքարի հեռանկար՝ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի համար, և գնալու ենք այդ ճանապարհով։

347