Հայաստանյան դպրոցների զգալի մասում ֆիզկուլտուրան մղվել է հետին պլան: Այս մասին այսօր Ազգային ժողովում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին դիմելով՝ հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Մի տեղ պատճառ են բռնում՝ ձմռանը դահլիճ չունեն, մի տեղ ասում են ասֆալտի վրա լավ չի, մի տեղ ասում են, որ ծնողները թույլ չեն տալիս, որ աղջիկները ֆիզկուլտուրայի մասնակցեն, այսինքն՝ մենք վերադարձել ենք 1800-ականների մակարդակին»,-ասաց նա:

Կարեն Գիլոյանը համաձայնեց, որ այդ խնդիրն ունենք և շատ դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների ու մարզական գույքի շատ լուրջ խնդիր կա: «Բայց նոր կառուցվող դպրոցներում կառավարության կողմից հայտարարված է, որ ամեն ինչ պետք է նոր լինի, այդ թվում՝ մարզական գույքը»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անում են, որ օգտակար գործողության գործակիցը բարձրացնեն:

«Ձյունառատ շրջաններում դահուկային ֆեդերացիայի հետ իրականացնում ենք ծրագիր, որի համաձայն աշակերտները ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն դահուկային սպորտով են զբաղվում, ալպինիզմի ֆեդերացիայի հետ են համագործացկում, ժայռամագլցում են կազմակերպում, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ծրագրեր ունենք»,- ասաց նա:

608