Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ 28-ամյա Ալիկ Հովհաննիսյանն ու 32-ամյա Դավիթ Հակոբյանը Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։

Պարեկները բարձրախոսով հորդորել են վարորդին, որպեսզի նա կանգնի։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմել է փախուստի։ Սկսվել է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրել իրենց գործընկերներից։ Ու արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում կարողացել են շրջափակման մեջ առնել Opel-ն ու կանգնեցնել ավտոմեքենան։

Պարեկները, մոտենալով Opel-ին, վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվել է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, ու պարեկները նկատել են, որ նա ձեռքը տարել է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Ու այդ ժամանակ պարեկները կարողացել են վնասազերծել նրան, ում մոտ մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ կար՝ իր պայթուցիչով։ 

Պարեկներին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարմիր բերետները», ու միասին այդ քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է։ 

Մարտական նռնակը վնասազերծելու համար Ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության սակրավորը, որն էլ նռնակը անվտանգ տեղափոխել է համապատասխան վայր։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։

Նրան ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

625