Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը: Դատական կառույցի որոշմամբ՝ Հայաստանի դեմ պատերազմական հանցագործության ժամանակ դրանց կիրառման վկայությունների պակաս կա լսումներ սկսելու համար: Այս մասին տեղեկացնում է Jerusalem Post պարբերականը:

 

Զենքի արգելքի մասին միջնորդություն ներկայացրած իսրայելացի ակտիվիստ Էլի Ջոզեֆը հացադուլ էր հայտարարել: Ակտիվիստը տեղեկություններ էր տրամադրել այն մասին, որ Ադրբեջանի սպառազինության 60 տոկոսը բերվում է Իսրայելից: Բացի այդ, վկայություններ են ներկայացվել, որ Հայաստանի դեմ ներկա հակամարտության վերսկսումից օրեր առաջ օդային ճանապարհով Իսրայելից Ադրբեջան զենք է տեղափոխվել:

 

Իսրայելցի ակտիվիստը ներկայացրել է նաև Amnesty International-ի զեկույցն ու վկայությունները հայերին սպանելու նպատակով իսրայելական ԱԹՍ-ների օգտագործման մասին:

 

Պարբերականը գրում է, որ Էլի Ջոզեֆի ներկայացրած գրեթե ոչ մի վկայություն չի ապացուցում, որ իսրայելական զենքը կիրառվել է հայերի դեմ  որպես պատերազմական հանցագործություն: Ըստ դատախազության՝ դրանք հիմնականում ապացուցում են, որ իսրայելական սպառազինությունը վաճառվել է Ադրբեջանին, ինչը հավանաբար պահվում է պահեստում կամ պաշտպանության նպատակով պահուստում է:

181