Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին:  Այցը ճանաչողական էր դեսպանի համար. սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր համայնքի ղեկավարի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիներ ստեղծելու հնարավորությունները, Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի, սպասվելիք ծրագրերի մասին։

Դեսպան պարոն Ջոն Գալագերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հնարավոր ծրագրերի իրագործմանը։ Հանդիպման ավարտին դեսպանն այցելել է Պատմազգագրական թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին։

Վերջինիս հատուկ ուշադրությանն արժանացել է Վիկտորյա թագուհու՝ Խրիմյան Հայրիկին ընծայաբերած տպագրական հաստոցը։ Տպագրական հաստոցը նվիրատվություն է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի կողմից՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ): 1893 թվականին թագուհին որոշում է նորընտիր կաթողիկոսին նվիրել տպագրական հաստոց։ Եւ այսպես, 1894 թվականին Մեծ Բրիտանիայի Աստվածաշնչային հասարակության կողմից հաստոցը տեղափոխվում է Հայաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարան, այնուհետեւ՝ Վաղարշապատի քաղաքային տպարան։

1982 թվականին հաստոցը տեղափոխվում է Վաղարշապատի պատմազգագրական թանգարան, որտեղ եւ խնամքով ցուցադրվում է մինչ օրս։ Հաստոցին կից ցուցադրված է նաեւ 1981 թվականին տպված քաղաքային թերթի վերջին համարը, որը տպվել է այս հաստոցով։ 

617