Այսօր կամավոր ատեստավորման ուսուցիչներին վերաբերող գործընթացում լավարկող փաթեթ նաև հաստատեցինք, որով հնարավորություն ենք ընձեռում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կարծում ենք՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է: Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնը ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի: 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ երեկվանից մեկնարկել է դիմումների ընդունումը արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար:

Երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժները երեկվանից հնարավորություն ունեն դիմելու և կամավոր ատեստավորման արդյունքում իրենց վարձատրությունը բարձրացնելու:

«Մարտի 9-ից ընդունում ենք մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

304