Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մայիսի 12-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

Մարզպետը ողջունելով ՄԻՊ-ին՝ նշել է, որ բարձր է գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը և վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը նույն պատրաստակամությամբ է շարունակելու գրասենյակի հետ գործակցությունը։

«Շիրակի մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստ է մարզում առկա խնդիրների լուծման հարցում ձեզ հետ համագործակցելու, ինձ համար կարևոր է գրասենյակի գործունեությունը իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրների կանխարգելման առումով, հատկապես խոսքս պետական կառույցների և քաղաքացիների միջև հարաբերություններին, ընտանեկան բռնություններին է վերաբերում։ Ես 3 երեխաներ ունեմ և ընտանեկան բռնությունների մասին, երբ խոսք է լինում երեխաների իրավունքների պաշտպանության թեման անձնականի նման եմ ընդունում։

Բազմիցս նշել եմ, որ պատրաստ ենք համատեղ աշխատանքի՝ հիմա վերահաստատում եմ մեր հանձնառությունը լիազորությունների շրջանակում անել հնարավորը, որպեսզի իրավունքների պաշտպանության առումով մարզում խնդիրները հնարավորինս քիչ լինեն։ Թե որպես մարզպետ, թե որպես մարզի քաղաքական պատասխանատու, ինձ համար տարբերություն չկա մարզպետի աշխատակազմի ենթակայության է կառույցը, թե ոչ, մարզում առկա հիմնահարցերի լուծման առումով ես պատրաստ եմ միշտ աջակցելու բոլոր կառույցներին»,- նշել է Շիրակի մարզպետը։

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունների համար:

«Ինձ համար միշտ հաճելի է Շիրակի մարզ այցելել, քանզի ամեն ինչից զատ, շատ լավ համագործակցություն ունենք, դա ամենալավ գրավականներից մեկն է որևէ հարցում հաջողության հասնելու, միասին աշխատելու պատրաստակամության դեպքում հնարավոր կլինի գտնել խնդիրների լուծման ուղիները։ Մարզպետի աշխատակազմի հետ մեր աշխատանքը բավական բարձր մակարդակի վրա է, համատեղ աշխատանքի միջոցով մի շարք հարցերի լուծման արդեն հասել ենք։

Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա պետք է նշեմ, որ իհարկե այն ժողովրդավարության հիմնաքարերից է և մեր հիմնական գաղափարը և մեր բոլորի առաքելությունը պետք է լինի նախ ցույց տալու խոսքի ազատության կարևորությունն ու դրա սահմանները, սահմանները խախտելիս պատասխանատվության համաչափությունն ու մոտեցումների առումով երկակիության բացառումը»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձ է կատարվել քաղաքացիների կողմից ՄԻՊ գրասենյակ հաճախակի ուղղվող հարցերին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ առավել շատ մարզից դիմում են երկրաշարժից տուժած քաղաքացիները՝ բնակարանային ապահովման հարցով, զինվորականների ընտանիքները կրկին բնակարանային խնդրով, ինչպես նաև սոցիալական խնդիրներով։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել գործակցությունը՝ բարձրացվող խնդիրների լուծման հարցում ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով։

99