ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել ճապոնական ավանդական երաժշտական գործիքի՝ կոտոյի համերգին՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ համերգը հետաքրքիր և ինքնատիպ իրադարձություն է, որը լրացնում է մեր երկրի մշակութային կյանքը:

«Հայ-ճապոնական մշակութային առնչությունները դարերի պատմություն ունեն, իսկ հայ և ճապոնացի ժողովուրդներին միավորում են արվեստի և մշակույթի հանդեպ սերն ու ստեղծարարությունը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը մեզ պարբերաբար զարմացնում է շատ հետաքրքիր նախաձեռնություններով, որոնք տեղի են ունենում ինչպես կրթության, երիտասարդության և սպորտի, այնպես էլ մշակույթի ոլորտներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նա նաև շեշտել է, որ երկու ժողովուրդներին միավորում են սակավ ռեսուրսներով պայմանավորված մարդկային կապիտալում ներդրում կատարելու մղումն ու գիտակցումը:

«Մեր ժողովուրդները դրանով են առանձնացել: Հայաստանն այսօր շեշտակի ներդրումներ է կատարում մարդկային կապիտալի զարգացման մեջ, և այստեղ ևս շատ բան ունենք սովորելու Ճապոնիայից»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հայ-ճապոնական հարաբերություններին հետագա շարունակական կայուն զարգացում մաղթելով:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ողջունելով ներկաներին, նույնպես շեշտել է հայ-ճապոնական բարեկամությունը և ընդգծել, որ չնայած երկրների միջև հազարավոր կիլոմետրերի հեռավորությանը՝ երկու ժողովուրդներին միավորում է արվեստի և մշակույթի հանդեպ սերը:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին մասնակցել են կոտոյահար Նոբուտակա Յոշիձավան, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը, քանոնահար Մարիաննա Գևորգյանը և դուդուկահար Արտակ Ասատրյանը։

261