
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Նախագծի էությունը կայանում է նրանում, որ այսուհետ մենք, ելնելով ֆինանսական համակարգի հետագա կայունությունից և ներկա ժամանակակից աշխարհում դիտվող տնտեսական, ֆինանսական և քաղաքական բազմաթիվ անկայունություն առաջացնող ռիսկերից, մտադիր ենք ավելի կտրուկ պայքարել դոլարիզացիայի դեմ, արտարժութային մտածելակերպի դեմ և հետագա ռիսկերը մեղմելու նպատակով առաջարկում ենք, որպեսզի արտարժութային հիպոտեկային վարկերը ըստ էության արգելվեն»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ այս նախագծի վերաբերյալ ունեցել են բազմաթիվ քննարկումներ, այդ թվում՝ Կենտրոնական բանկի հետ:
«Եզրակացությունը մեկն է՝ ապագա հնարավոր ռիսկերի կրճատման առումով դա շատ կարևոր նախագիծ է, որը գրեթե չի կարող առաջացնել որևէ դժվարություն քաղաքացու համար»,-ասաց նա և նշեց, որ այս նախագծով բանկային համակարգը ոգևորված չէ, բայց իրենք էլ համարում են, որ իրենք այդ ռիսկը ավելի լավ կկառավարեն: