
Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) գաղտնազերծված ճեպազրույցի նոտայում այսօր ներկայացրել են են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հետ փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցի տպավորությունները:
Նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Գտնվելու ընթացքում նրանք եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում և դրանց շրջակայքում, հանդիպել տեղական իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։
Նրանց խոսքով, միջանցքով երթեւեկությունը «խիստ խոչընդոտված է»՝ անհնարին դարձնելով առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ Այս իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։
Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությանը, բանախոսները կոչ արեցին Ադրբեջանին թույլ տալ իրավիճակի անկախ գնահատում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել անկախ փաստահավաք այցը և թույլատրել անկախ լրագրողներին ազատ աշխատել ամբողջ տարածաշրջանում»,- ավելացրել են պարոն Կիլյունենը և տիկին Օբերգը: