«Դուք ականատես եք եղել, որ թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա և ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագներին, որոնք այսօր կան Հայաստան-Ադրբեջան երկխոսության գործընթացում։ Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի ընդդիմությունը տեղեկացված ընթացող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններից։

«Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն։

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ աշխատանքային ընթացակարգերով բանակցային գործընթացին ծանոթանալուց հրաժարվելը ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում է։

Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ պաշտոնատար անձինք ԱԺ-ում էին, և  ընդդիմադիրները կարող էին ստանալ իրենց հարցերի պատասխանները։

509