
Ակադեմիական քաղաքը նախ պետք է կառուցվի, որից հետո մենք կխոսենք միայն դասախոսների, ուսանողների տեղաշարժի մասին: Այս մասին այսօր, ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը և պատասխանելով լրագրողների հարցին, ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ մեծ կառույց է լինելու, որը երեք կլաստերներով տեղակայվածություն է ունենալու: «Համալիր մոտեցում պետք է լինի, որը պետք է նախագծվի, և մենք այստեղ ևս պետք է ուշադիր լինենք, որ ճարտարապետական լուծումները նույնպես բավարարեն այդ պահանջներին: Սա նաև ենթադրում է, որ մեծ տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծվի, որը կսպասարկի այս քաղաքին և նախնական հաշվարկով՝ մի քանի տասնյակ հազար մարդու մասին է խոսքը»,- ասաց նա:
Նախարարը, անդրադառնալով ներկայիս բուհերի շենքերին, ասաց, որ այս պահին բուհերի շենքերի հետ կապված որևէ քննարկում ընդհանրապես չի իրականացվել: «Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորման չափին, ապա ֆինանսավորման վերջնական ծավալը պարզ կլինի նախագծերի պատրաստ լինելուց հետո»,- հավելեց նա: