Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մատնանշելով երկու երկրների պատմական հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը՝ նա նշել է. «Երկու երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերություններում կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է»,- տեղեկացնում է IRNA գործակալությունը:

Շամխանին ընդգծել է, որ հարևանների հետ համագործակցության զարգացումը Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն է: Նա ընդգծել է. «Իրանը բոլոր կողմերին խստորեն հորդորում է, որ տարածաշրջանային մարտահրավերները հնարավոր է լուծել բարիդրացիությամբ և խաղաղ միջոցներով՝ համատեղ ջանքերով»։ Շամխանին, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին և երկկողմ առևտուրը 3 միլիարդի հասցնելու նպատակադրմանը, հավելել է. «Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի ճանապարհին գտնվելը երկու երկրի առևտրային հարաբերությունների ամրապնդման համար լուսավոր հեռանկար է ստեղծում»:

Իրանի ԱԽ քարտուղարը, ընդգծելով, որ տարածաշրջանում լարվածությունը որևէ մեկի օգտին չէ, հավելել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն լարվածություն առաջացնող գործողություն է, որը բխում է այն դերակատարների շահերից, որոնք դեմ են տարածաշրջանի անվտանգության և կայունությանը։ Շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային մարտահրավերները լուծելու  կոշտ մոտեցումներին»։ Շամխանին, նշելով, որ Հարավային Կովկասում իրավիճակը զգայուն է, հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ինքնազսպվածությամբ կարգավորել և լուծել լարվածությունը:

375