
Վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը կպահպանվի, մի մասը կտա պետությունը, մյուսը՝ գործատուն։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։
Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Սարգսյանը հիշեցրեց, որ մինչև 30 օրացուցային օր շարունակվող վարժական հավաքներին մասնակցելու պարագայում վարժական հավաքների մասնակիցները պետությունից ստանում են որոշակի գումար՝ ըստ կցված հաստիքի, ըստ ոլորտի, զինվորական կոչումի և այլն։
«Սակայն աշխատող քաղաքացիները, որոնք մեկնում են վարժանքների, խնդիր են ունենում իրենց եկամուտի պահպանման մասով: Առկա կարգավորումով կա երաշխիք՝ աշխատատեղի պահպանման մասով, բայց աշխատավարձի մասով չկա: Վերջին որոշմամբ վարժական հավաքների տևողությունը նախատեսվել է 25 օր: Օրենքով սահմանել ենք, որ մինչև 30 օր վարժանքների մասնակցելու պարագայում գործատուն վճարելու է քաղաքացու հիմնական աշխատավարձի ու պետության կողմից վարժանքների մասնակցելու համար ստացած գումարի տարբերությունը»,-ասաց Սարգսյանը:
եթե հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, և քաղաքացին մասնակցում է վարժանքների ու ստանում 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է առնվազն վճարի այդ 100 հազար դրամը: Պետական հատվածի աշխատողներին գործատուն կվճարի տարբերությունը, իսկ մասնավորի դեպքում կարող է վճարել առնվազն տարբերությունը: Իսկ 30 օրից հետոն կարգավորվում է գործատու-աշխատող համաձայնությամբ: