Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ամռան սկզբին հայ-թուրքական սահմանը պիտի բաց լինի երրորդ երկրների քաղաքացիների  և դիվանագիտական անձնագիր կրող անձնանց համար, որպեսզի իրագործենք դա, մեր կողմից  արդեն աշխատանքներ են տարվում «Մարգարա» անցակետը  դրան պատրաստելու համար, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում  և այլն: Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հնարավոր ժամկետներին։ 

«Թուրքական կողմը ևս հայտնում է, որ իրենց կողմը պատրաստվում է դրան, չի հնչել որևէ պնդում, որ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ »,- Նշեց նա։

Անդրադառնալով Անիի կամրջի վերականգնմանը, նա նշեց․ «Անիի կամրջի համատեղ վերականգնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԳ նախարարի Թուրքիա վերջին այցի ժամանակ՝ Անկարայում, բայց դեռ որևէ գործնական շարժ այդ ուղղությամբ չկա, բայց շարունակում ենք աշխատել։ Չեմ կարծում, որևէ բան կարող  է խանգարել պայմանավորվածության իրագործմանը։Հայաստանյան կողմից ոչինչ չի կարող խանգարել»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ՀՀ և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների մասին քննարկումներ կան արդյոք այս պահին․ «Այս պահին դեռ ոչ»,- պատասխանեց Ռուբինյանը։

Հարցին, թե ի՞նչն է խոչընդոտում, նա պատասխանեց․ «Կան պայմանավորվածություններ, որոնք պետք է իրագործվեն, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ չեն կարող հանդիպումներ լինել, բայց այժմ կա բովանդակություն, որի շուրջ աշխատում ենք»։ 

492