Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի փոխարտգործնախարարներ Վահե Գևորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցություններում ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Խորհրդակցությունները տեղի են ունեցել ապրիլի 25-ին Երևանում։ Նշվում է, որ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիները նախանշվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան։

Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, դիվանագետները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

«Կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան: Նշվել է  բարձր մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության աճը խորհրդարանական գծով, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի միջոցով: Նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկայի մասին, գոհունակություն է արտահայտվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի համակարգվածության աստիճանից»,- հավելել են հաղորդագրության մեջ:

573